(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

TCF supports the families of soldiers wounded and killed in Artsakh war

2021-03-15

Արդեն 20 տարի է՝ Երեւանում գործում է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, որը 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի օրերին նախաձեռնել էր «Օգնություն մեր հայրենակիցներին» ծրագիրը՝ Արցախի ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ բանակին հնարավորինս նպատակային օժանդակություն ցուցաբերելու համար: Պատերազմն ավարտվեց, բայց դեռ անելիքներ շատ կան, եւ հիմնադրամը շարունակում է աջակցությունն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։

Պատերազմի պատճառով այսօր չի գործում Բերձորի Վ.Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցը, որի շատ շրջանավարտներ մասնակից եղան նորօրյա պատերազմին։ Ցավոք, ունեցանք հերոս-նահատակներ, վիրավորներ։

Մարտի 7-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում կրթօջախի զոհված 6 եւ վիրավորում ստացած 3 շրջանավարտների հարազատների հետ, որոնց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը «Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» ծրագրի շրջանակում կենցաղային տեխնիկա, կահույք եւ այլ պարագաներ տրամադրեց:

 

Հանդիպմանը ներկա էին Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, փոխտնօրեններ Սուսաննա Սահակյանը եւ Վարդուհի Հովհաննիսյանը։ Ա. Քոսակյանը ողջունեց ներկաներին, հայտնեց շնորհակալություն, որ նման հերոս շրջանավարտներ են ունեցել, ցավ հայտնեց, որ եղավ պատերազմ, կորցրինք հայրենիք, նահատակվեցին հազարավոր լույս-տղաներ, այդ թվում՝ բերձորցիներ, իսկ վիրավորներին առողջություն մաղթեց:

Արցախյան վերջին պատերազմի զինադադարից ժամեր առաջ Մարտունիում ավիահարվածից նահատակվել է դպրոցի շրջանավարտ 30-ամյա Վահագն Վահանի Բաբայանը, ով ավարտելով Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվ. ռազմական վարժարանը, այնուհետեւ՝ Երեւանի Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը, 7 տարի ծառայել էր հայոց բանակում՝ «Մարտունի-3»-ում։ Մասնակցել է 2016-ի ապրիլյան քառօրյային ու հետագա մարտական գործողություններին Հադրութի տարածքում, աչքի ընկել ու պարգեւատրվել «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Նորօրյա պատերազմում առավել մեծ աշխատանք է կատարել արդեն փորձառու հրամանատարը։ Պաշտպանել է Մարտունու շրջանը, 6 անգամ դուրս է մղել դիվերսիոն խմբերին, կարողացել է շրջափակումից դուրս բերել իր զորամիավորումը, եւ հրադադարից ընդամենը 2 ժամ է առաջ մարտիրոսվել հայոց բանակի փոխգնդապետը։

Նույն օրը Բերձորում դարձյալ ավիահարվածից նահատակվել է Վահագնի 32-ամյա եղբայր Վանիկ Բաբայանը, ով նույնպես 2 զավակ ունի։ Դպրոցի շրջանավարտներից Գոռ Սարգսյանը ծնվել է 1999 թ. սեպտեմբերի 1-ին, Բերձորում։ 2018 թ. հունվարին զորակոչվել է հայոց բանակ, 2020-ին զորացրվել՝ զորամասի հրամանատարության կողմից արժանանալով շնորհակալագրի։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը նույն տարվա սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան լսելով պատերազմի լուրը, ներկայացավ զինկոմիսարիատ, մեկնեց առաջնագիծ։ Մարտիրոսվեց Շուշիի մատույցներում նոյեմբերի 7-ին։ Ժորա Սարգսյանը ծնվել է 2000 թ. հուլիսի 9-ին Երեւանում։ Նույն տարի նրանց ընտանիքը տեղափոխվեց Բերձոր։ 12 տարի սովորեց Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2019-ին ավարտեց ու նույն տարի ամռանը զորակոչվեց հայոց բանակ։ Մնացել էր 9 ամիս, որ զորացրվեր, բայց սկսվեց պատերազմը։ Առաջին օրվանից արդեն մարտադաշտում էր եւ հոկտեմբերի 23-ին մարտիրոսվեց։ Պահեստազորային Վիտալի Յակուբովը ծնվել է 1995 թ. օգոստոսի 19-ին։ Պատերազմի առաջին օրը մեկնեց առաջնագիծ։
Նահատակվել է հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլում։ 25-ամյա Մնացական Հարությունյանը նույնպես զորահավաքով է մեկնել առաջնագիծ, մասնակցել է Արցախի հարավային տարածքների մարտերին, հոկտեմբերի 10-ին նահատակվել է Հադրութում։ Ունի 1 որդի։

Արմեն Ավագյանը զինվորական կրթություն ստացել է Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվ. ռազմական վարժարանում, այնուհետեւ Երեւանում՝ Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանում, հրետանավոր է։ Պատերազմի ժամանակ վիրավորվել էր։ Բուժվեց, դեռ առողջական խնդիրներ ունի, բայց այժմ Արցախի սահմանային դիրքերում է եւ ներկա չէր հանդիպմանը։ 22-ամյա կամավորական Խաչիկ Իսունցն ու ժամկետային զինծառայող 20-ամյա Դավիթ Դանիելյանը ներկա էին, կազդուրվել են ծանր վիրավորումից հետո։

Զոհրաբ Ըռքոյան

 

back