(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Լույս է տեսել «Վահան Թէքէեան Յօդուածների ժողովածու»-ի Բ հատորը

2023-11-30

     

 

«Հայ գրականության աստվածային այցելուն» - այսպիսի դիպուկ բնորոշմամբ էր վերնագրված «Վահան Թէքէեան Յօդուածների ժողովածու»-ի երկրորդ հատորի առաջաբանը, որի հեղինակն ու կազմողը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանը, թեքեյանասեր ընթերցողին այս անգամ ներկայացնում էր հանճարեղ հրապարակագրի 1911-1920թթ. գրած հոդվածները՝ մանրաշխատ խմբագրմամբ և ծավալուն ծանոթագրություններով։ Հատորը կրկին հրատարակվել էր «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ։

Աշնան վերջին օրվա խորհուրդը թեքեյանական էր։ Գրքի շնորհանդեսի առիթով հավաքվել էին հայտնի գրականագետներ, մշակութային-հասարակական գործիչներ, դասախոսներ, ուսանողներ, պարզապես թեքեյանական աշխարհի գաղտնարանները բացահայտել կամեցող մարդիկ։

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ թեև ժամանակները բարդ ու դժվարին են, սակայն այս գրքի հրատարակությունը սեփական երեխայի ծնունդի պես է՝ սպասված ու կարևոր։

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, բարձր գնահատելով հատորը, այն համարեց պատմական արժեք ունեցող ժողովածու, որի հետ կապված հետագա աշխատանքների արդյունքները լինելու են նույնքան սպասված, որքան նախորդ և այս հատորների ժամանակ էր։

Մասնագիտական արժեքավոր խոսքերով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Վազգեն Գաբրիելյանը, Արծրուն Ավագյանը՝ գնահատելի և արժեքավոր համարելով հեղինակի կողմից իրականացվող ահռելի աշխատանքը։

Ելույթ ունեցան ՀՀ Մանուկ Աբեղյանի անվան ԳԱԱ ավագ գիտաշխատող բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Մկրտչյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Անդրանիկյանը, ովքեր չկարողացան թաքցնել իրենց հիացմունքը Վ. Դավթյանի անխոնջ, տքնաջան աշխատանքի հանդեպ։

Թեքեյանական հոդվածների ընթերցմամբ ներկաներին հուզեցին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներ Վանուհի Ստեփանյանը, Մերի Վարդանյանը, Անժելա Սեֆիլյանը, Սոֆի Փարվանյանը, Երևանի Հյուսիսային համալսարանի ուսանողուհի Անի Իսրայելյանը։

Շնորհանդեսին իրենց անդրադարձը կատարեցին տարբեր լրատվամիջոցներ, իսկ Հանրային ռադիոյի «Վերնատուն» մշակութային հաղորդումը, հյուրընկալելով հեղինակին, իր հանդիսատեսին ներկայացրեց կատարված ահռելի աշխատանքի արդյունքները՝ միաժամանակ փորձելով անթաքույց հիացմունքով փոքր-ինչ ճանաչելի դարձնել հանճարեղ գրողի հոդվածները։

Ինչպես իր խոսքում նշեց Վարդուհի Դավթյանը, Վահան Թեքեյանը հայ ընթերցողին երկու ափի մեջ պարփակ ընծայում է իր հրապարակագրական հունձքը այն նույն պարտքի զգացումով, ինչ Աստծո ամենաչափ նժարի կշռի առաջ էր՝ իր վեհապետող ներկայությամբ շարունակելով մնալ Հայ գրականության աստվածային այցելուն։

     
back