
«Հայկաշեն Ուզունյան. Տեսիլքի մարդը» ֆիլմի պրեմիերա
2025-04-27
![]() |
![]() |
![]() |
Թեքեյան կենտրոնում կայացավ «Հայկաշեն Ուզունյան. Տեսիլքի մարդը» փաստագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը ներկայացնում է սփյուռքահայ ականավոր հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, ազգային բարերար, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության ղեկավար անդամ, «Թեքեյան» մշակութային միության հիմնադիր անդամ Հայկաշեն Ուզունյանին՝ նրա կենսագրականն ու անցած ճանապարհը:
Համայնքային աշխատանքին նրա նվիրվածությունը նրան դարձրեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ղեկավարության մաս, որտեղ նա չորս տասնամյակ աշխատեց որպես փոխնախագահ լուսահոգի Ալեք Մանուկյանի հետ: Ուզունյանը ՀԲԸՄ-ի անբաժանելի մասն էր, հռչակվել էր պատվավոր տնօրեն իր ներդրումների ու թողած ավանդի համար:
Կրթությունը եւ գրականոթյունը Ուզունյանի ուշադրության կենտրոնում էին. նա պատմական Մելքոնյան վարժարանի փրկության համար մղվող պայքարի ջատագովն էր:
1966 թ. հիմնադրում է «Հայկաշեն Ուզունյան» մրցանակը, որը տրվում է Սփյուռքի եւ հայաստանյան գրականության, արվեստի եւ հումանիտար գիտությունների ոլորտի լավագույն ստեղծագործողներին: Երեւանի Թեքեյան կենտրոնում է գտնվում «Հայկաշեւն եւ Մարի Ուզունյան» գրադարանը:
Ի նշանավորումն մեծ ավանդի եւ բարերարությունների, որոնք մատուցվել են հայ մշակույթին, Հայոց եկեղեցուն, հայ ժողովրդին եւ Հայաստան աշխարհին, Հայկաշեն Ուզունյանն արժանացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանի, «Մովսես Խորենացի» մեդալի, ՀԲԸՄ «Ալեք Մանուկեան» գրական մրցանակի, ԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանի եւ այլ պարգեւների։
Ֆիլմի պրեմիերային ներկա էին Հայկաշեն Ուզունյանի դուստր Թալին Ավագյան-Ուզունյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր Աթոռի այլ ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, ԹԿՀ հոգաբարձուներ, այլ հյուրեր սփյուռքից եւ Հայաստանից:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը՝ նշելով, որ հովանավորելով ֆիլմը, ԹԿՀ գործունեության նոր էջ է բացում ֆիլմերի թողարկմամբ: «Մենք այլ տարբերակ չունեինք, քան մեր առաջին փաստագրական ֆիլմը նվիրել մի վաստակաշատ մարդու, ով ոչ միայն թեքեյանական աշխարհի կյանքում է մեծ դեր ունեցել, այլեւ, վստահաբար կարելի է ասել՝ համայն հայության», – հավելեց Ա. Ծուլիկյանը։
Ձեռնարկի ընթացքում հնչեցին մեծարման եւ երախտիքի խոսքեր՝ նվիրված երջանկահիշատակ Հայկաշեն Ուզունյանին։
«Թեքեյան» մշակութային միության նախագահ, պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց Հայկաշեն Ուզունյանի կյանքից կենսագրական դրվագներ, ինչպես նաեւ հուշեր միասին Արցախ կատարած այցից։
Ֆիլմի հեղինակ Ռուզաննա Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամին ֆիլմի նկարահանումը իրեն վստահելու համար, նշեց, որ չափազանց դժվար էր ստեղծել այդ երեւելի մարդուն նվիրված նախագիծը, քանի որ արխիվային նյութը սակավաթիվ էր: Նկարահանող թիմը հսկայական ուսումնասիրական աշխատանք էր իրականացրել: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Կիպրոսում։
Հեղինակ՝ Ռուզաննա Ղազարյան
Արտադրող ընկերութուն՝ «Լամեդիա» ՍՊԸ
Հովանավոր՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ /բարերար՝ Բագրատ Նազարյան – Անգլիա/
![]() |
![]() |
![]() |
նախորդ էջ