(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Արժեքավոր աշխատություններ «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանին

2026-02-17

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Հայկաշեն և Մարի Ուզունյան» գրադարանը շարունակում է համալրվել հայագիտությանն ու ազգային խնդիրներին առնչվող նոր աշխատություններով։

Վերջերս Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից գրադարանին են նվիրաբերվել տասնյակ գրքեր, որոնք վերաբերում են ՀԲԸՄ գործունեությանը, Արցախյան հարցին, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը։ Նվիրաբերված գրականության թեմատիկ շրջանակն ընդգրկում է հայկական մշակույթն ու պատմությունը՝ ներկայացված հայերեն եւ օտարալեզու հրատարակություններով։

Նվիրատվության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Նկարիչ ստեղծագործողներ՝ նահատակված 2020թ. Արցախյան պատերազմում / Artists who lost their lives in the 2020 Artsakh war» պատկերագիրքը, որը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված արվեստագետների կյանքին եւ ստեղծագործություններին։

Արցախյան թեմային անդրադառնում են մի շարք կարեւոր աշխատություններ։ Դրանց թվում է Բակուրի «The Ten Roots of Artsakh Problem» գիրքը, որը վերլուծում է հիմնախնդրի պատմական եւ քաղաքական ակունքները։ Համլետ Պետրոսյանի «The Museums of Artsakh (Nagorno-Karabakh): Through Peace, War and Displacement» աշխատությունը ներկայացնում է Արցախի թանգարանների ճակատագիրը խաղաղության, պատերազմի եւ տեղահանության պայմաններում՝ փաստագրելով մշակութային ժառանգության կրած կորուստներն ու մարտահրավերները։

Հատուկ ուշադրության է ներկայացվում Ռուբեն Գալիչյանի քառալեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն հրատարակված «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը. Աշխարհագրական, քարտեզագրական եւ պատմական իրավիճակի փոփոխությունները» աշխատությունը։

Գրադարանի ֆոնդը համալրվել է նաեւ Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը. Էթնիկ հակամարտություններ. Բալկաններից մինչեւ Անատոլիա եւ Կովկաս» հիմնարար աշխատությամբ։ Ինը մասից բաղկացած այս գիտական ուսումնասիրությունը ներկայացնում է հեղինակի տասնամյակների հետազոտությունների արդյունքները՝ փաստերի խորքային վերլուծությամբ։

Հայ մշակութային ժառանգության ուսումնասիրության տեսանկյունից կարեւոր ներդրում է նաեւ Աշոտ Հայկազուն Գրիգորյանի «Հայ քրիստոնեական ճարտարապետությունը եւ նախաքրիստոնեական մշակույթի ներգործությունը» աշխատությունը, որը հասցեագրված է հայ ճարտարապետության եւ մշակույթի պատմությամբ հետաքրքրվողներին։

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խորին շնորհակալություն է հայտնում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը հայի ինքնությանն առնչվող այս նշանակալի հավաքածուն նվիրաբերելու համար:

 

նախորդ էջ