(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Բացվել է «In Memoriam» խորագրով ցուցահանդեսը

2026-04-02

 

Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ ապրիլի 1-ին Թեքեյան կենտրոնում բացվեց «In Memoriam» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված անվանի երգիծանկարիչներ Արայիկ Օհանյանի (Արզօ) եւ Ցոլակ Կանթեղի հիշատակին։

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։ Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նա նշեց, որ ներկայացված երգիծանկարները հնարավորություն են տալիս կտրվելու ներկայիս տագնապալից առօրյայից եւ միաժամանակ արժեւորելու հայ երգիծանկարչության լավագույն ավանդույթները։

Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը (TOTO) ներկայացրեց հուշեր եւ կենսագրական դրվագներ՝ կապված Արայիկ Օհանյանի եւ Ցոլակ Կանթեղի ստեղծագործական ուղու հետ։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաեւ Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը, ճարտարապետ եւ երգիծանկարիչ Պավել Ջանգիրովը եւ այլք։ Նրանք խոսեցին արվեստագետների մարդկային հատկանիշների, մտածողության եւ հայ երգիծանկարչության զարգացման գործում նրանց ունեցած ներդրումի մասին։

Ձեռնարկին ներկա էին մշակութային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ, ուսանողներ եւ այլ հյուրեր։

----------------------
Արայիկ Օհանյան, Արզօ (1965- 2025)
Գրաֆիկ, ծաղրանկարիչ, նկարիչ-ձեւավորող։ Ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։ Համագործակցել է «Մեհյան», «Հայ գրող», «Անահիտ», «Վելաս պրինտ», «Տիգրան Մեծ» հրատարակչությունների հետ։

2004 թվականից՝ Հայաստանի ծաղրանկարիչների ընկերակցության հիմնադիրներից եւ փոխնախագահ։

Նկարազարդել և ձևավորել է բազմաթիվ գրքեր։

 

Ցոլակ Ղանդիլյանի, Ցոլակ Կանթեղ (1943 – 2025)
Սովորել է Գյումրու նկարչական դպրոցում, աշակերտել է գեղանկարիչ Հակոբ Անանիկյանին, այնուհետեւ ուսումը շարունակել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Աշխատել է «Գրական թերթ», «Ավանգարդ», «Խորհրդային Հայաստան», «Դպրություն», «Ոզնի», «Կանչ» եւ այլ պարբերականներում, ձեւավորել գրքեր, թերթեր (շուրջ 500), Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը (1995)։ Ծաղրանկարների, բնանկարների, դիմանկարների, «Ճանաչիր քո հայրենիքը» խաչբառերի, գլուխկոտրուկների, բառախաղերի, գաղտնագրեր պարունակող խաղ-գրքի, Ավետիք Իսահակյանին, Հովհաննես Թումանյանին, Եղիշե Չարենցին, Պարույր Սեւակին, Հովհաննես Շիրազին նվիրված ժողովածուների շարքի հեղինակն է։

 

նախորդ էջ