«Նեմեսիսը մշակույթում» կինոպատումի անդրանիկ ցուցադրությունը
2026-04-28
![]() |
![]() |
![]() |
![]() |
«Մշակույթը նույնպես զենքի տեսակ է, և հաճախ այն կարող է ավելին անել, քան մի ամբողջ դիվանագիտական խումբ»: (Ռեժիսոր Սամվել Թադևոսյան)
Ապրիլի 26-ին Երևանում՝ «ԹԵքեյան կենտրոն»-ում, տեղի ունեցավ ռազմական կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի նկարահանած «Նեմեսիսը երեկ, այսօր, վաղը. Նեմեսիսը մշակույթում» կինոպատումի անդրանիկ ցուցադրությունը։ Ներկա էին Հայոց Մեծ Եղեռնից հետո թուրք դահիճներին ահաբեկած հերոսների հետնորդներ, մշակութային ու քաղաքական գործիչներ, պատմաբաններ, արվեստագետներ, ֆիլմի աշխատակազմի անդամներ, հյուրեր։
Ներականերին ողջունեց «Թեքեյան կենտրոն»-ի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։ Բացման խոսքով ու Տերունական աղոթքով ներկաներին ողջունեց ու օրհնեց հոգևոր հայրը՝ կարևորելով նման ֆիլմերը։
Իր խոսքում կինոռեժիսոր Ս․ Թադևոսյանն ասաց․ «Հայոց «Նեմեսիս»-ը հայ ժողովրդի ազատագրական դարավոր պայքարի տարեգրության լուսապսակ առաջնորդն է, այն իրականացնողները՝ մեր արդարադատ պայքարի փառավոր ռահվիրաները: Նրանց գործած սխրանքներից մի դրվագի է նվիրված ցուցադրվող ֆիլմը»։ Պատմեց նաև՝ ինչպես է ծնվել ֆիլմը։
ՀՀ Օրհներգի հնչելուց հետո Հայոց Մեծ Եղեռնին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի համար եղավ լռության րոպե։ Ֆիլմի ու «Նեմեսիս» գործողության մասին խոսեցին մեկնաբան, լրագրող Արտյոմ Երկանյանը՝ վրիժառու Արամ Երկանյանի թոռը, քաղաքական գործիչ, «Genesis Armenia» ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Աբրահամ Գասպարյանը, գրականագետ, բ․ գ․ դ․, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Ջեմալ փաշային սպանող Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյաը, ով նաև կարևոր դեր ունի ֆիլմի ստեղծման գործում։
Տեսակապով «Նեմեսիս»-ի և ֆիլմի մասին խոսեցին արտերկրում բնակվող մեր հայրենակից արվեստագետներ, ավստրիացի գրող, «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» Սողոմոն Թեհլիրյանի մասին գրքի հեղինակ, դիվանագետ Բիրգիտ Քոֆերը։
Ձեռնարկի վերջում ֆիլմի աշխատախմբի կողմից պատվոգրեր հանձնվեցին իրենց աջակիցներին՝ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամի» գործադիր տնօրեն, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին, հոգաբարձուների խորհրդի անդամներ գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանին, Բագրատ Նազարյանին, Թոնի Կահվեին, ինչպես նաև՝ Արտյոմ Երկանյանին։
Զոհրաբ Ըռքոյանի ամբողջական նյութը՝ Մերան ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթում
![]() |
![]() |
![]() |
![]() |
նախորդ էջ







