(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Երկու քաղաք, երկու գիրք, երկու բարբառ ...

2026-09-14

 


Թեքեյան կենտրոնում կայացավ գյումրեցի գրող, մշակութային եւ հասարակական գործիչ Լիլիթ Մկրտչյանի՝ «Քարհանգուստ» եւ արցախցի դերասան, թատերական գործիչ Աշխեն Հարությունյանի՝ «Քշաթոխպ» գրքերի շնորհանդեսը: Գրքերի հրատարակությունն իրականացվել է լոնդոնաբնակ բարերար, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձու Բագրատ Նազարյանի եւ ԹԿՀ հովանավորությամբ։

Լ.Մկրտչյանի «Քարհանգուստ» պատմվածքների ժողովածուն Գյումրին է՝ իր մարդկանցով, կենցաղով, հումորով եւ Գյումրու բարբառի յուրահատուկ հնչերանգով, իսկ Ա.Հարությունյանի «Քշաթոխպ» պատմվածքը՝ արցախյան բարբառով, ներկայացնում է Շուշին եւ արցախյան միջավայրը՝ ավանդույթները, մարդկանց եւ մշակութային առանձնահատկությունները:

Բացման խոսքում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը կարեւորեց բարբառներով գրական ստեղծագործությունների հրատարակությունը՝ ընդգծելով հայերենի բարբառների պահպանման ու տարածման անհրաժեշտությունը, իսկ հովանավոր Բագրատ Նազարյանը խոստովանեց, որ բարբառներն են իրեն առանձնահատուկ ոգեւորել գրքերի տպագրությանն աջակցելու հարցում։

Ծագումով գյումրեցի գրականագետ, արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ Լեւոն Լաճիկյանը խոսեց Շուշիի եւ Գյումրիի մշակութային ընդհանրությունների մասին ՝ հարուստ մշակութային կյանք՝ թատրոններ, մամուլ, երաժշտություն եւ զարգացած արհեստներ։ Միեւնույն ժամանակ, երկու քաղաքներն էլ իրենց պատմության մեջ կրել են ծանր ողբերգություններ։ Լաճիկյանն առանձնացրեց «Քարհանգուստ»-ի հերոսներին՝ գյումրեցիներին, որոնք, կարողանում են ծիծաղել ցավի մեջ, կատակել՝ կորստի կողքին, ու պահել արժանապատվությունը՝ անգամ ամենադժվար պահերին։

Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար, Հովհ․ Թումանյանի թանգարանի ներկայիս տնօրեն Լուսինե Ղարախանյանը ընդգծեց «Քշաթոխպ»-ի արցախյան ինքնությունն ու բարբառի դերը, որը առավել հարազատ եւ վավերական է դարձնում պատմվածքի բովանդակությունն ու հերոսի կերպարը։

Բանաստեղծ, արձակագիր, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը «Քշաթոխպ»-ի հրատարակությունը դիտարկեց նաեւ որպես հիշողության պահպանման եւ մոռացության դեմ դիմադրության կարեւոր քայլ, որը հնարավորություն է տալիս պահպանելու Արցախ աշխարհի մասին հիշողությունը եւ այն փոխանցելու հաջորդ սերունդներին։

Իր խոսքում Աշխեն Հարությունյանը նշեց, որ «Քշաթոխպ»-ը գիտակցված ընտրությամբ է գրվել Արցախի բարբառով, քանզի անհրաժեշտ է պահպանել եւ ճանաչելի դարձնել հայկական տարբեր բարբառները։

Գրքերի շնորհանդեսին զուգահեռ Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացվել էր Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների եւ արվեստագործների ձեռքի աշխատանքների՝ ասեղնագործության, նկարչության, կավագործության, բատիկայի, գորգագործության, գուլպայագործության եւ այլն, ցուցահանդեսը, որը ներկայացնում էր կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը։

Շուշին եւ Գյումրին՝ տարբեր ճակատագրերով, բայց հարուստ մշակութային հիշողությամբ, հանդիպեցին նույն հարկի տակ՝ երկու բարբառով եւ մեկ ընդհանուր հայկական մշակութային տարածքում։ Միջոցառմանը ներկա էին գրողներ, գրականագետներ, մշակույթի գործիչներ, արցախցիներ, գյումրեցիներ եւ այսլ հյուրեր։

 

նախորդ էջ